Լուրեր Շիրակի մարզպետի մոտալուտ պաշտոնանկության մասին

Շիրակի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր և Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյան, արխիվ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ասուլիս էր հրավիրել ու պատրաստվում էր իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփել, բայց առավոտյան ասուլիսը հետաձգվեց՝ «անսպասելի գործերի» պատճառաբանությամբ: Հաջորդիվ արդեն լուրերն էին նրա մոտալուտ պաշտոնանկության մասին, որ տարածում էին նաև իշխանամերձ լրատվամիջոցներ` լռելով պատճառների մասին: Առավոտից շրջանառվող այս լուրը Կառավարությունից ոչ մի պաշտոնյա չի հերքել:

ՔՊ-ական մարզպետն այսօր ողջ օրվա ընթացքում «Ազատության» զանգերին չպատասխանեց, փոխարենը՝ օրվա երկրորդ կեսին իր մեկ տարվա գործունեության մասին Ֆեյսբուքում տեսանյութ տեղադրեց ու հրաժեշտի նմանվող մի գրառում արեց. - «Շիրակի համար` արդեն մեկ տարի: Այս արդյունքները համատեղ աշխատանքի, չխնայված ջանքերի, հավատի ու վստահության արդյունք են: Շնորհակալ եմ բոլորին, որ միացան լավը գործելու մեր ձգտումներին»:

Մարզպետի պաշտոնանկության մասին տեղեկությունը տեղի ՔՊ-ականներն են հաստատում՝ անանուն մնալու պայմանով, ու հավելում, որ իրենք անակնկալի են եկել, չէ՞ որ ընդամենը ժամեր առաջ նա մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստին ու պատրաստվում էր լրագրողների հետ հանդիպմանը:

Ինչի՞ց է դժգոհ վարչապետը, կամ գուցե գո՞հ է, ու Առուշանյանին առաջխաղացո՞ւմ է սպասում, այս պահին պարզ չէ: Համենայն դեպս, 44-ամյա մարզպետի պաշտոնանկության հավանական վարկած է համարվում դեկտեմբերի 7-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում վարչապետի մասնակցությամբ անցկացված պատարագը, որ մատուցեց այլ թեմից բերված քահանան, քանի որ տեղի հոգևորականները հրաժարվել էին զեղչել Կաթողիկոսի անունը, ինչը Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող Նիկոլ Փաշինյանի պայմանն է: Գործին նույնիսկ ԱԱԾ-ն էր խառնվել, այդ մասին «Ազատությանը» պատմել էր տեղի քահանաներից մեկը, բայց Շիրակի թեմում ծառայող հոգևորականները տեղի չէին տվել: Իսկ Յոթ Վերքի պատարագը ամենևին էլ հարթ չանցավ. տեղի հոգևորականները հավաքել էին եկեղեցու ամբողջ գույքը՝ պատարագի մատուցման սպասքից մինչև աթոռներ, ու շուրջ երկու ժամ պատարագի մասնակիցները ոտքի վրա մնացին: Նույնիսկ մոմավաճառներն էին հրաժարվել մոմ վաճառել, երգչախումբն էլ՝ երգել: Թեև պատարագիչը չեղարկեց Գարեգին Երկրորդի ու Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները, բայց եկեղեցում նրանց անունը հնչեցնողներ եղան:

Ու սա միակ միջադեպը չէր, որ գրանցվեց և՛ մինչև պատարագը, և՛ պատարագի ընթացքում, և՛ ավարտին. եղան «Ազատությո՛ւն սրբազաններին, ազատությո՛ւն սրբազաններին», «Առանց Նիկոլ Հայաստա՛ն» վանկարկողներ, գյումրեցիները հասցրեցին նաև ՔՊ-ական պատգամավորներին ու պատարագին մասնակցած արքեպիսկոպոսներին ամոթանք տալ:

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման յոթ տարվա ընթացքում Առուշանյանը Շիրակում նշանակված վեցերորդ մարզպետն է: Փաստացի նրանցից ոչ մեկը երկու տարուց ավելի չի պաշտոնավարել այս մարզում:

Կառավարության վաղվա նիստի օրակարգում Շիրակի մարզպետի պաշտանանկության և նորին նշանակելու մասին նախագիծ դեռ չկա, բայց արդեն տեղեկություններ կան, որ Առուշանյանին կփոխարինի Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը: Ոսկանյանը ևս չի պատասխանում «Ազատության» զանգերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ Շիրակի մարզպետի պաշտոնում վարչապետը կառաջադրի Դավիթ Առուշանյանի թեկնածությունըՇիրակի մարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել